ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Դիմում են հեքիմներին, բախտագուշակներին, որպես վերջին տարբերակ՝ բժշկին»

«Դիմում են հեքիմներին, բախտագուշակներին, որպես վերջին տարբերակ՝ բժշկին»
28.11.2014 | 09:55

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի մաշկաբան-սեռավարակաբան ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ երեկ «Իրատես de facto» ակումբում, խոսելով ձմռան ամիսներին ցածր ջերմաստիճանի ազդեցությամբ պայմանավորված մաշկաբանական խնդիրների մասին, նշեց, որ առաջին տեղում է վերին, ստորին վերջույթների և մարմնի բաց տեղերի ցրտահարումը. «Ցրտահարման դրսևորումները տարբեր են՝ կախված դրա աստիճանից, պաշտպանիչ միջոցներն էլ՝ բավականին հեշտ իրագործելի: Հարկ է մարմնի բաց մասերը հնարավորինս պաշտպանել տաք հագուստով և խուսափել ջերմաստիճանային կտրուկ տատանումներից»:
Բանախոսը նկատեց, որ ձմռան ամիսներին բնակարաններում քիչ թե շատ տաք է, տնից դուրս գալով՝ միանգամից բախվում ենք սառը ջերմաստիճանին, ինչն օրգանիզմում առաջացնում է սթրես-ռեակցիա՝ հանգեցնելով որոշակի փոփոխությունների: Մասնավորապես, կծկվում են մազանոթները և առաջացնում մարմնի տվյալ մասի սնուցման խանգարումներ՝ մասնակի կամ ամբողջական: Դրսից տուն գալու հանգամանքն իր հերթին անոթների լայնացման, այտուցներով զարգացող հիվանդությունների առաջացման պատճառ է դառնում:
Ձմռան ամիսներին, ճարպագեղձերի գերաշխատանքի պատճառով, սրվում են նաև պզուկային հիվանդությունները: Մաշկաբան-սեռավարակաբանը նշեց, որ ձմռանը թուլանում է նաև իմունային համակարգը, և օրգանիզմն ավելի խոցելի է դառնում ինֆեկցիոն հարուցիչների նկատմամբ: Որպես օրինակ, հերպեսները, քրոնիկ խնդիրներ լինելով, հաճախ են կրկնվում ձմռան ամիսներին: Մաշկը, շրթունքները ձմռան ամիսներին խորհուրդ է տրվում պաշտպանել վազելինանման քսուքներով, սակայն հակացուցված է դրանց օգտագործումից անմիջապես հետո տնից դուրս գալը: Բանախոսի փոխանցմամբ՝ խոնավացնող քսուքի հեղուկային մասը կարող է սառչել, և վնասն ավելի շատ կլինի, քան օգուտը:
Հետաքրքրվեցի՝ մաշկային խնդիրների դեպքում դիմո՞ւմ են արդյոք մասնագետի օգնությանը և հիվանդության ո՞ր փուլում:
«Դիմում են, երբ դանակը հասնում է ոսկորին և այլընտրանք չի մնում,- եղավ պատասխանը:- Գերադասում են զբաղվել ինքնաբուժությամբ, հետևել հարևանների, բարեկամների խորհուրդներին, դիմում են հեքիմներին, բախտագուշակներին, որպես վերջին տարբերակ՝ բժշկին: Պատճառները տարբեր են: Հաճախ կարելի է հանդիպել գովազդային տարաբնույթ նյութերի: Փորձեմ մեջբերել դրանցից մեկը՝ բուժում եմ շաքարային դիաբետ, փսորիազ, ՄԻԱՎ և այլ անբուժելի հիվանդություններ»:
Կարեն Վարդանյանը նկատեց, որ կա հոգեբանական գործոն: Նման հիվանդությունների դեպքում, երբ հիվանդը դիմում է բժշկի, ստանում է պատասխան, որ բուժումը ունի ամոքիչ բնույթ, հիվանդության լիակատար բուժում չկա: Խնդրից ազատվելու փոքր հույսն այդ մարդկանց դարձնում է խաբեության զոհ. «Մի կարևոր հանգամանք էլ. առողջապահական ոլորտը քիչ թե շատ վերահսկելի է, իսկ, ա՛յ, նրա գործունեությունը զուրկ է վերահսկողությունից։ Նշված գովազդային նյութի առիթով կապվեցի ամսագրի խմբագրության հետ, և նրանք մի շատ տրամաբանական պատճառ բերեցին՝ խմբագրությունը պատասխանատվություն չի կրում նյութի բովանդակության համար»:
Ինչ վերաբերում է բժիշկ-հիվանդ հարաբերություններում առկա ֆինանսական խնդիրներին, Կարեն Վարդանյանը նկատեց, որ եվրոպական երկրներում առողջապահության ապահովագրական համակարգը վաղուց վերացրել է նման խնդիրները: Նա հույս հայտնեց, որ 5-10 տարի հետո մեզ մոտ նույնպես կհարթվեն այդ խնդիրները:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 25744

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ